Սկսում ենք սահմանադրական բարեփոխումների իրականացումը. Չիլիի նախագահն օրենք է ստորագրել պատգամավորների և մյուս պաշտոնյաների աշխատավարձը կրճատելու մասին
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկուշաբթի օրինագիծ է ստորագրել խորհրդարանականների, պաշտոնյաների և երկրի ղեկավարի աշխատավարձերի կրճատման մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ դա անցյալ տարի երկրով մեկ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ հնչող պահանջներից մեկն էր:
«Այս շաբաթ մենք սկսում ենք սահմանադրական բարեփոխումների իրականացումը, որով կկրճատվի խորհրդարանականների և իշխանության մյուս ներկայացուցիչների, ինչպես օրինակ՝ նախագահի, նախարարների, փոխնախարարների, քաղաքապետների, նահանգապետների և այլ պաշտոնյաների աշխատավարձը»,- հայտնել է երկրի ղեկավարը թվիթերյան գրառմամբ:
«Ինչո՞ւ է դա կարևոր: Մենք բարդ ժամանակներում ենք ապրում, և ես գիտեմ, որ շատ չիլիական ընտանիքներ շատ լավ վիճակում չեն գտնվում, այդ իսկ պատճառով մենք արդարացի և անհրաժեշտ ենք համարում կրճատել պետպաշտոնյաների ամենաբարձր աշխատավարձերը, որպեսզի հնարավորություն ունենանք ավելի մեծ օգնություն հատկացնել միջին դասին և նրանց, ովքեր հատկապես ունեն դրա կարիքը»,- ասել է Պինյերան տեսաուղերձի ժամանակ:
Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողովը 30 օրվա ընթացքում պետք է որոշի, թե որքանով են կրճատվելու աշխատավարձերը:
Ներկա պահին չիլիացի պատգամավորների և սենատորների աշխատավարձը հասնում է ամսական 9.3 մլն պեսոյի ($11,5 հազար), իսկ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 320 500 պեսո ($450):