Հս․ Կորեան անտեսել է Հարավային Կորեայից ստացված զանգը
Հյուսիսային Կորեան անտեսել է հարավկորեացի ներկայացուցիչների կողմից Քեսոն քաղաքում գտնվող կապի միջկորեական գրասենյակ ստացված զանգը, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով Սեուլի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։
«Այսօր առավոտյան փորձեցինք Հյուսիսային Կորեայի հետ կապ հաստատել, սակայն բոլոր զանգերն անպատասխան մնացին։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում»,- հայտարարել է Միավորման նախարարության պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ավելի վաղ կողմերն ամեն օր զանգի միջոցով կապի մեջ են եղել միմյանց հետ, ստուգել են կապը, լուծել ծագած խնդիրները։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները, որպես Հարավային Կորեայի կողմից քարոզչական թռուցիկներ ուղարկելուն պատասխան գործողություն, սպառնացել էին փակել կապի միջկորեական գրասենյակը։
Սպառնալիքից հետո Հարավային Կորեայի միավորման նախարարությունը տեղի հասարակական կազմակերպություններին կոչ էր արել դադարեցնել տեղեկատվական նյութերի ուղարկումը Հյուսիսային Կորեա և խոստացել էր օրենսդրորեն արգելել նման գործողությունները։
Հայտնի է, որ կապի միջկորեական գրասենյակը բացվել է 2018 թվականին, սահմանամերձ Քեսոն քաղաքում։ Դրա հիմնական նպատակը երկու երկրների միջև կապի պահպանումն ու միջկորեական փոխանակումների զարգացումն է։