«Մամ, քեզ կարոտել ենք, զգույշ եղիր, մենք քեզ հետ ենք». 34-ամյա կինը մի քանի ամիս է հիվանդանոցից տուն չի գնացել
Մարտի կեսերից Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը համավարակի օրերին կամավոր հիմունքներով օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին։
34-ամյա կինը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ Առողջապահության նախարարության կայքում հայտարարություն է տեսել. կամավորների կարիք է եղել։
«Գրանցվեցի, նախարարությունից զանգը չուշացավ։ Հեռախոսազանգի միջոցով հաստատեցի կամավորություն կատարելու պատրաստակամությանս մասին։
Ընտանիքիս անդամները սկզբում վատ ընդունեցին, որովհետև բարդ աշխատանք էր, միևնույն ժամանակ աշխատելու էի ռիսկային գոտում։ Վտանգը մեծ էր, բայց պիտի գնայի։ Հետո ընտանիքս համակերպվեց որոշմանս հետ։ Եկանք փոխհամաձայնության, որովհետև որոշումս հաստատ չէր փոխվի։ Ես այդ որոշումը կայացրել եմ, որովհետև ես տեսակով հայրենասեր եմ։ Սիրում եմ իմ հայրենիքը, ժողովրդին։ Չէի կարող ոչինչ չանել։
Ինձ համար խնդիրը Մարալիկից Երևան հասնելն էր, քանի որ երկրում տեղաշարժի սահմանափակում կար։ Ես դիմեցի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, նա էլ խորհուրդ տվեց դիմել Շիրակի մարզպետին։ Ես Երևան Տիգրան Պետրոսյանի մեքենայով եմ գնացել։
Առաջին աշխատանքային օրը վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Ես 2 տարվա կրթական փորձ ունեի. բավական դժվար էր ինձ համար, բայց գիտակցում էի, որ կամ պետք է հաղթահարել իրավիճակը, կամ հանձնվել: Բայց հետո պայքարը դարձավ առօրյա։ Իրավիճակը բարդանում է, դրան զուգահեռ ծանրանում է աշխատանքը։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ է անում և ինչ պիտի անի»,- ասում է կամավորը։
Նուշիկը 3 երեխաների մայր է, չնայած զբաղվածությանը՝ ունի մի քանի մասնագիտություն՝ խոհարար-հրուշակագործ, վարսահարդար և բուժքույր։ Խոստովանում է, որ բժշկական ոլորտը իրենն է։ Այս մասնագիտությունն ընտրելիս ոգևորվել է մարդկանց օգտակար լինելու գիտակցումից։ Ասում է՝ պացիենտների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է պահանջում և անհատական մոտեցում. «Մեզ մոտ տեղափոխված պացիենտները առաջին երկու օրերին ագրեսիվ են։ Ծանր հոգեվիճակում են գտնվում։ Վատ են տրամադրված բուժաշխատողների նկատմամբ, թերահավատ են ցուցումներին։ Սկզբում փորձում ենք նրանց հետ հոգեբանական թեստ անցնել, հետո նոր բուժել, որպեսզի արդյունավետ լինի բուժման պրոցեսը։ Տարբեր են պացիենտները, հետևաբար մոտեցումն է տարբեր։
Ամեն դեպքում հաջորդ օրերին բուժաշխատող-պացիենտ փոխհարաբերություններ են ձևավորվում։ Այնքան ամուր, որ կապը շարունակվում է»,- ասում է Ուռումյանը։
Նուշիկ Ուռումյանը մի քանի ամիս չի տեսել երեխաներին, ասում է՝ կարոտը տեսակապով է առնում։
«Տեսակապով եմ շփվում երեխաներիս և ընտանիքիս հետ։ Երեխաներս դժվարությամբ ընդունեցին իմ որոշումը։ Նրանց հետ խոսելիս բացատրում եմ իրավիճակը: Գագիկը և Լեյլին հասկանում են, բայց փոքր աղջիկս՝ Կարինան, չի գիտակցում։ Արդեն չգիտեմ՝ ինչպես ենք զսպում տասը տարեկան երեխային։ Երեխաներս ասում են՝ մամ, քեզ կարոտել ենք, զգույշ եղիր, մենք քեզ հետ ենք։ Շատ եմ կարոտել ընտանիքիս, բայց երբ գիտակցում ես՝ ինչի համար ես այնտեղ, ամեն ինչ հաղթահարվում է»,- պատմում է Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը։
3 երեխաների խնամքով զբաղվում են տատիկը և նրա քույրը։ Նուշիկն ասում է, որ ինքը իր արարքով փորձում է զավակներին օրինակ ծառայել։ Չնայած այն հանգամանքին, որ տանից հեռու է, ամիսներով երեխաներին չի տեսել, չի փոշմանել իրարից հեռու ապրելու և ծանր պահին մարդկանց օգտակար լինելու որոշման համար։ Չի դժգոհում ծանրաբեռնված գրաֆիկից, ոչ էլ անքուն գիշերներից. ասում է, որ ցանկացած մարդ պարտավոր է հայրենիքին օգտակար լինել, ով ինչպես կարող է։
The post «Մամ, քեզ կարոտել ենք, զգույշ եղիր, մենք քեզ հետ ենք». 34-ամյա կինը մի քանի ամիս է հիվանդանոցից տուն չի գնացել appeared first on ԳԱԼԱ.