Աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն մեկօրյա ցուցանիշը. ԱՀԿ-ից հայտնում են, որ իրավիճակն աշխարհում վատթարանում է
Կիրակի «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի առավելագույն մեկօրյա ցուցանիշն է արձանագրվել համավարակի սկզբից ի վեր: Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի Ժնևում կայացած ասուլիսում:
«Երեկ կորոնավիրուսով վարակման ավելի քան 136 000 նոր դեպք է արձանագրվել՝ առավելագույն մեկօրյա ցուցանիշը մինչ օրս: Երեկվա դեպքերի գրեթե 75 տոկոսը գրանցվել է 10 երկրներում՝ մեծամասամբ Ամերիկաներում և Հարավային Ասիայում»,- ասել է Գեբրեյեսուսը:
«Աֆրիկայի տարածաշրջանի բազմաթիվ երկրներում դեռևս «Քովիդ-19»-ով վարակման տվյալների աճ է գրանցվում, թեև կան երկրներ տարածաշրջանում, որտեղ 1000-ից պակաս դեպքեր են գրանցվել»,- հավելել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ վարակման ցուցանիշներն աճում են նաև Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի որոշ հատվածներում, թեև իրավիճակը Եվրոպայում, ընդհանուր առմամբ, բարելավվում է: «Թեև Եվրոպայում իրավիճակը բարելավվում է, համաշխարհային մակարդակով այն վատթարանում է»,- շեշտել է ԱՀԿ ղեկավարը:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում գերազանցել են 7.1 մլն-ը, մահվան ելքով դեպքերինը՝ 400 հազարը: