Clutch Chess. Արոնյանը առջևում է Գրիշչուկի հետ 1/4 եզրափակչի դիմակայությունում
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ-Լուիս ակումբի կազմակերպած օնլայն մրցաշարի (Clutch Chess Champions Showdown) քառորդ եզրափակչի առաջին 6 պարտիաներից հետո Արոնյանը 5-3 հաշվով առջևում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ պայքարում: Մրցանակային ֆոնդը 265 հազար դոլար է:
Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարում խաղերը 12 պարտիայից են կազմված: Առաջին պարտիայում Արոնյանը պարտվել է, հետո ոչ-ոքի է խաղացել, իսկ երրորդ պարտիայում հավասարեցրել է հաշիվը։ 4-րդ և 5-րդ պարտիաներում ևս ոչ-ոքի արդյունք է գրանցվել, իսկ վճռական պարտիայում Արոնյանը սևերով հաղթել և 5 միավոր է վաստակել (6-րդ պարտիայում հաղթանակի համար մրցակարգի համաձայն Արոնյանը 2 միավոր է վաստակել) Գրիշչուկն ունի 3 միավոր։
Արոնյանն ու Գրիշչուկը կանցկացնեն ևս 6 պարտիա՝ վիճարկելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։
«Կարծում եմ՝ երկուսս էլ մեր հնարավորություններից ցածր խաղացինք: Ես սովոր չեմ շախմատ խաղալ գիշերվա ուշ ժամին,սովորաբար ես գիշերը 11-12-ին պառկում եմ քնելու, իսկ այս խաղն ընթանում էր 2:40»,- ասել է Արոնյանը: