Շվեյցարիայում նոր հետաքննություն են սկսել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատերի նկատմամբ
Շվեյցարիայի դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Բլատերը կասկածվում է կազմակերպության հիմնադրամից 1մլն դոլարը ոչ նպատակային ծախսելու մեջ: Նշվում է, որ 2010 թվականի ապրիլին Բլատերը ՖԻՖԱ-ի անունից վարկ է տրամադրել Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլային ասոցիացիային: Գործակալության տվյալներով՝ անտոկոս պարտքը հետագայում դուրս է գրվել:
Գործով անցնող անձանց թվում են նաև ՖԻՖԱ-ի երկու պաշտոնյա, որոնք ժամանակին զբաղեցրել են գլխավոր քարտուղարի և ֆինանսական գծով տնօրենի պաշտոնները:
Դատախազությունն ավելի վաղ ավարտել էր Բլատերի դեմ լիազորությունների չարաշահման մասին գործի քննությունը, որը բացվել էր 2015 թվականին:
Բլատերը ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից 8 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: 2016-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձանաժողովը երկու տարով կրճատել էր այդ ժամկետը: