Թրամփը չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում ույղուրների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենք է ստորագրել, որը մի շարք չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանում է ենթադրում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:
Նշված պատժամիջոցներն, ըստ օրենքի, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում ապրող ույղուրների և այլ մուսուլմանների նկատմամբ գործադրված ճնշումներով են պայմանավորված, իսկ օրենքը նախորդ ամիս Կոնգրեսի երկու պալատներում էլ հավանության է արժանացել:
Արևմուտքն ու տարբեր հումանիտար կազմակերպություններ հաճախ քննադատում են Չինաստանի իշխանություններին Սինցզյանի մահմեդական բնակչության նկատմամբ տարատեսակ ճնշումներ գործադրելու համար, պաշտոնական Պեկինն էլ, ի պատասխան այդ քննադատություններին, հայտարարում է, որ «վերակրթության կենտրոններում» ույղուրներն այնպիսի կարողություններ են ձեռք բերում, որոնք նրանց օգնում են լավ աշխատանք գտնել ու չենթարկվել արմատական ֆունդամենտալիզմի ազդեցությանը: