«Թրամփը 2018-ին ցանկանում էր ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերջնագիր ներկայացնել». Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր 2018թ-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի կազմից ԱՄՆ-ի դուրս գալու վերջնագիր ներկայացնել: Այս մասին, The Washington Post-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն է նշել իր հեղինակած «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» գրքում, որը դեռ վաճառքում չկա:
Բոլթոնը գրում է, որ Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը մտադիր է եղել նման քայլի գնալ, եթե ՆԱՏՕ-ի անդամ մնացած պետությունները 2019թ-ի հունվարին զգալի չափով չմեծացնեին Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի համար իրենց վճարած գումարը: «Կհեռանանք և չենք պաշտպանի նրանց, որոնք վճարել չեն ցանկանում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսպես է հնչել Թրամփի խոսքը՝ ուղղված Բոլթոնին, ինչին վերջինը դեմ է եղել:
Բոլթոնը գրել է նաև, որ Թրամփը պահանջել է Պենտագոնից դուրս բերել ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Եվրոպայից:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: