Հնդկաստանը, Մեքսիկան, Նորվեգիան և Իռլանդիան 2021-2022թթ-ին կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ
Հնդկաստանը, Մեքսիկան, Նորվեգիան և Իռլանդիան 2021-2022թթ-ին կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ, իսկ հինգերորդ անդամը կընտրվի հունիսի 18-ին՝ երկրորդ փուլով, հայտնում է РИА Новости-ն:
Երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ հինգերորդ տեղի հավակնորդ պետությունները՝ Քենիան և Ջիբութին, չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Արդեն ընտրված երկրները մինչ այս ՄԱԿ-ի ԱԽ-ում այս կարգավիճակով ընդգրկվել են. Հնդկաստանը՝ 7 անգամ, Մեքսիկան և Նորվեգիան՝ 4, Իռլանդիան՝ 3, հավակնորդներից Քենիան՝ 2, Ջիբութին՝ 1 անգամ: Այս պետությունները փոխարինելու են Գերմանիային, Բելգիային, Դոմինիկյան Հանրապետությանը, Ինդոնեզիային և Հարավաֆրիկյան Հանրապետությանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կազմակերպության մշտապես գործող կառույցներից է, որը պատասխանատու է աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանման համար: Դրանում ընդգրկված են 5 մշտական անդամներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Չինաստան, իսկ ոչ մշտական անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով: