Ընկճվող դատավորները ընկճվել են ցանկացած իշխանության առջև՝ կլինի նախորդը, նորը, ապագան. ինքս երբեք չեմ հարմարվել. Ալվինա Գյուլումյանը՝ դատարանները շրջափակելով դատավորներին ընկճելու մասին (տեսանյութ)
Ես կցանկանայի տեսնել որևէ մեկին, որը կարող է կամ ընդունել է ավելի համարձակ որոշումներ և՛ նախորդ իշխանության դեն, և՛ մյուսի, որը ավելին է արել, քան ես եմ արել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունը մեղադրում է, թե ՍԴ-ն կախյալ է նախկին իշխանությունից և նրանց վերջին փրկօղակն է:
«Ես Խորհրդային Միության տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել և Գերագույն Խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին: Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը, չնայած կողքից ամեն տեսակ ճնշումների, կարողացել է Դաշնակցության գործը երկրորդ անգամ չկասեցնել: Դա իմ վարույթում էր գտնվում, և ես այն ուղղակի առանց քննության եմ թողել: Ես այն դատավորն եմ, որը 1995-ի ընտրությունների արդյունքով գործ քննելուց կարողացավ դահլիճում կանգնել և հայտարարել՝ դատարանը ձեզ համար «ստալինյան տրոյկա» չէ, որ ինչ բերեք, դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, որ հետագայում արդեն ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և՛ երկրորդ նախագահի իշխանության օրոք, և՛ երրորդ նախագահի իշխանության օրոք թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս պարագայում, եթե որևէ մեկը ինձ պետք է ասի կախյալ, ապա նա մեղանչում է իր խղճի դեմ»,-հայտարարեց Գյուլումյանը:
ՍԴ փոխնախագահը ևս մեկ անգամ ընդգծեց՝ սահմանադրական փոփոխությունների ընդունված օրենքով իր պաշտոնավարումը շարունակվելու է, բայց եթե կլինեն կամայական որոշումներ, կդիմի ՄԻԵԴ:
Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ էլի դատարանները կշրջափակվեն՝ դատավորներին ընկճելու համար, Գյուլումյանը պատասխանեց. «Ինչու շրջափակելով ինձ ընկճե՞լ են, կամ որևէ մեկին: Այն դատավորները, որոնց կարողացել են ընկճել, ընկճվել են ցանկացած իշխանության առջև՝ կլինի նախորդը, նորը, ապագան: Ես հարմարվողների մասին չեմ խոսում, ես ինքս երբեք չեմ հարմարվել»,-ասաց նա: