Կալինինգրադում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ կոշիկը կորցրած, սակայն քայլերթը շարունակած աղջիկը մեդալ է ստացել (լուսանկարներ, տեսանյութ)
Բալթյան նավատորմի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բուժակ Քսենյա Կալչինսկայան, որը Կալինինգրադում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում կորցրել էր կոշիկը, սակայն շարքը չէր խախտել և շարունակել էր քայլերթը, մեդալ է ստացել, հայտնում է eadaily.com կայքը։
Բալթյան նավատորմի ներկայացուցիչ Ռոման Մարտովի խոսքով՝ աղջիկը Բալթյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովի ձեռքից մեդալ, ինչպես նաև պարգևագիր և ծաղկեփունջ է ստացել։
Կալչինսկայան խոստովանել է, որ նման ուշադրություն չէր սպասում։ Նա նշել է, որ նման իրավիճակների համար որևէ հատուկ ցուցումներ չկան, այդ պատճառով էլ հույսը դրել է ինքն իր վրա՝ հասկանալով, որ պետք է «հպարտ անցնի» և «փախչելու որևէ տեղ չունի»։ Հայտնի է, որ արդեն շքերթից հետո կորած կոշիկը գտել և վերադարձրել են աղջկան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ Կալինինգրադ քաղաքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ շքերթի մասնակցուհիներից մեկի կոշիկը դուրս է եկել ոտքից: Սակայն դա չի խանգարել վերջինիս շարունակել քայլերթը մեկ կոշիկով:
Կալինինգրադում անցկացված զորահանդեսին Բալթյան նավատորմի շուրջ 1500 զինծառայող և այլ ուժային գերատեսչությունների աշխատակիցներ են մասնակցել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված տոնական շքերթին հանդիսավոր քայլերթով մասնակցել է 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Շքերթին, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։