Հայաստանը տարածաշրջանում կրկին առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով
Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 26-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 7845, մահացության ցուցանիշը՝ 138:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 7845
2. Ռուսաստան – 4254
3. Իրան - 2593
4. Թուրքիա – 2307
5. Ադրբեջան – 1516
6. Վրաստան – 230
Նշենք, որ Հայաստանը ներկա պահին այս ցուցանիշով շրջանցել է ԱՄՆ-ին, որն աշխարհում առաջատար երկիրն է ինչպես «Քովիդ-19»-ով վարակվածների, այնպես էլ մահացածների առումով: Հունիսի 26-ին 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար կազմում է 7645:
Ողջ աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին Հայաստանը 11-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն:
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 138
2. Իրան - 122
3. Թուրքիա – 60
4. Ռուսաստան – 60
5. Ադրբեջան – 18
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 247-ի։