Արգենտինան կրկին խստացրել է կորոնավիրուսի դեմ սահմանված կարանտինային միջոցառումները. РИА Новости
Արգենտինայի իշխանությունները կրկին խստացրել են Բուենոս Այրեսում և մայրաքաղաքի շրջանում ավելի վաղ թուլացված սահմանափակումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին բնակիչները ստիպված կլինեն հարկադրված մեկուսացման մեջ լինել՝ իրավունք ունենալով տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իսկ կարանտինային ռեժիմը կերկարաձգվի մինչև հուլիսի 17:
«Կրկին անցնում ենք մայրաքաղաքի շրջանում տեղաշարժի սահմանափակման: Մենք պայմանավորվել ենք, որ հասարակական տրանսպորտը երկուշաբթի 00:00-ից կսպասարկի միայն տնտեսության զգայուն ճյուղերում զբաղվածություն ունեցող քաղաքացիներին: Հուլիսի 1-ից առավելի կոշտ քայլ կանենք՝ կխնդրենք քաղաքացիներին տանը մնալ և դուրս գալ միայն կենսական նշանակության ապրանքների գնման նպատակով: Այս միջոցառումը Բուենոս Այրեսում և արվարձաններում կգործի մինչև հուլիսի 17»,- ասել է նա: