Փորձաքննությամբ պարզվել է, որ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից երկուսը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթը
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյան քույրերի կողմից իրենց հոր սպանության մասին քրեական գործ հավելյալ հետաքննությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամլո ծառայությանը:
Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր գործը Գլխավոր դատախազություն ուղարկելու մասին: «Ներկա պահին քրեական գործը Քրիստինա և Անգելինա Խաչատրյանների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, իսկ Մարիա Խաչատրյանի նկատմամբ՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ ուղարկվել է դատախազություն»,- հայտնել են ՔԿ-ում:
ՌԴ քննչական կոմիտեից պարզաբանել են, որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ «քույրերից երկուսը սպանության կատարման պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների բնույթը և կառավարել դրանք»:
Փորձաքննությունները հաստատել են, որ Խաչատրյան քույրերից երկուսը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթը:
Հիշեցնենք, որ քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության մեջ: 57-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայի իր բնակարանում 2018 թվականի հուլիսի 27-ին: