Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վրա ԼԳԲՏ դրոշը փակցնելով՝ ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում. Պուտին
Վլադիմիր Պուտինը ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի ճակատին ԼԳԲՏ համայնքի դրոշի փակցմանը, գրում է eadaily.com-ը։
«Ռուսաստանում չի եղել, չկա և չի լինի ռասսայական պատկանելության, սեռական կողմնորոշման, ազգության, կրոնական ուղղվածության հիման վրա իրավունքների սահմանափակում․ նման բան Ռուսաստանում չի եղել և երբեք չի լինի»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
«Նրանք դրանով ցույց են տալիս, թե ով է աշխատում ԱՄՆ դեսպանատանը»,- հավելել է նա՝ լսելով կատարվածի մասին պատմությունը:
Խոսելով Ռուսաստանում առկա սահմանափակումների մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելելու մասին։
«Թող մարդը մեծանա, չափահաս դառնա և ինքն էլ որոշի իր ճակատագիրը»,-պարզաբանել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ճակատին ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշն է տեղադրվել: Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել ծիածանագույն դրոշի օրվա առթիվ: