ՀՀ օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար, պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն
![ՀՀ օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար, պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն](https://gdb.rferl.org/17D6E98B-012A-4CF1-9306-B3314303965B_w800_h450.jpg)
Հայաստանի Հանրապետության օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար, «Ազատությանը» փոխանցում են Քաղավիացիայի կոմիտեից: Նշենք, որ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր առավոտյան Հայաստանի օդային տարածքով տեղի է ունեցել Թուրքական ավիաուղիների թռիչք Բաքվի ու Ստամբուլի միջև, ավելին` այն որակվում է «պատմական»:
Քաղավիացիայի պարզաբանման մեջ ասված է. «Այն (օդային տարածքը- խմբ.) կարգավորվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների կանոնակարգերով, ինչը բացառում է որևէ խտրականություն։ Տվյալ ընկերությունը և բազմաթիվ այլ ընկերություններ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից, և դրանում որևէ արտառոց կամ նոր բան չկա»:
Միաժամանակ, կոմիտեն նշում է, որ վերոնշյալ կարգավորումները կիրառելի են նաև այլ անդամ պետություններում, ուստի Հայաստանի քաղաքացիական օդանավերը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել Թուրքիայի օդային տարածքից։