Հնդկաստանում կորոնավիրուսային վարակման դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը՝ հակառակ այն բանին, որ կառավարությունը հայտարարել է վարակի տարածման արագության նվազման մասին, հայտնում է BBC լրատվականը։
Կառավարությունը նշել է, որ ապրիլի 30-ից, այն բանից հետո, երբ մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 400 հազար դեպք, վարակի տարածման արագությունը նվազել է։ Այնուհանդերձ, մասնագետներն ահազանգում են, որ իրական դեպքերի թիվը շատ ավելի բարձր է:
Կառավարությունը ցանկություն է հայտնել, որ կորոնավիրուսային վարակի բուժման հաստատություններն ու վերակենդանացման բաժանմունքները ղեկավարի բանակը։
Դելիի գլխավոր նախարար Արվինդ Կեժրիվալը բազմիցս ասել է, որ քաղաքը բավարար քանակով թթվածին չի ստանում դաշնային կառավարությունից, որն ըստ քվոտաների նահանգների միջև բաշխում է թթվածինը: Չնայած, որ Հնդկաստանն օրական հազարավոր տոննա թթվածին է արտադրում, սակայն, փորձագետների կարծիքով, Դելիում թթվածնի պակասի պատճառը մատակարարման համակարգում առկա ճգնաժամից է, որը ներդրումների պակասի հետևանք է։
Իրավիճակը սրվել է հատկապես պատվաստանման արշավի դանդաղության պատճառով։ Հայտնի է, որ մինչ այժմ Հնդկաստանում պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է բնակչության 10 տոկոսից ավելին, իսկ ամբողջական պատվաստում ստացել է միայն 2 տոկոսը։
Աշխարհում պատվաստանյութի ամենամեծ արտադրող Հնդկաստանի շիճուկային ինստիտուտի տնօրեն Ադար Փունաուալլան ասել է, որ պատվաստանյութի պակասը ամիսներ կտևի:
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ամենից շատ տուժել են Հնդկաստանի Դելի, Մահարաշտրա, Հյուսիսային Փուրջաբ և Ութար Պրադեշ նահանգները։