Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու խնդրել վերջինին ճնշում գործադրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման վրա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ու քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության ստեղծված իրավիճակը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ Տան խոսնակ Ջեն Փսակին:
Ըստ Փրայսի՝ նախագահ Բայդենը Եգիպտոսի իր պաշտոնակցին խնդրել է ճնշում գործադրել պաղեստինյան կողմի վրա:
«Մեր ռազմավարական մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի հաղորդակցություն ունենանք իսրայելական կողմի հետ՝ հակամարտության դադարեցման համար հնարավոր ամեն բան անել կարողանալու նպատակով: Այդ հաղորդակցությունների թվում է նաև համագործակցությունը եգիպտացիների հետ, քանի որ վերջինները կարևոր դեր ունեն «ՀԱՄԱՍ» խմբավորման վրա ճնշում գործադրելու և կրակի դադարեցման հաստատմանը նպաստելու հարցում»,- նշել է Փրայսը:
Սպիտակ տան խոսնակն ասել է, որ հրադադարի հնարավոր հաստատման մասին տեղեկությունները, իհարկե, հուսադրող են, բայց իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի դա երկկողմ մակարդակում իրականություն դառնա:
Tert.am-ը հաղորդել էր, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: