ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցելու օրինականությունը. Մամիջանյան
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցելու օրինականությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը:
«Աշխարհասփյուռ հայությունն ու ՀՀ քաղաքացիները 44-օրյա պատերազմի ընթացքում ոչինչ չէին խնայում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար, այնինչ հետագայում հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետական բյուջե կատարած փոխանցումը՝ խիստ կասկածելի պայմաններում և նպատակներով, իրականացվել չարաշահումներով»,-ասաց Մամիջանյանը:
Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։ «Մենք պնդում ենք դրա հակառակը, ու վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա ևս մեկ անգամ կապացուցվի»,- ասաց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը: