Երևանցիները մտածում են՝ թուրքը Երևան չի հասնելու․ տեղահանված արցախցիները ՌԴ դեսպանատան դիմաց են
Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց՝ դեսպան Կոպիրկինին նամակ հանձնելու նպատակով։
«Եթե Ռուսաստանը Արցախում է՝ խաղաղապահ առաքելությամբ, ուրեմն պետք է կատարի այդ առաքելությունը, մենք դա չենք տեսել։ Նոյեմբերից հետո Խծաբերդն ու Թաղավարդը հանձնվեցին, իսկ իրենց կողմից ոչ մի արձագանք չեղավ, հետո նույն կերպ հանձնվեց Փառուխը։ Մինչև Արցախում բազմազգ խաղարար ուժեր չլինին, ոչինչ չի փոխվելու։ Եթե Ռուսաստանը ուժ չունի ադրբեջանական բանդաներին զսպելու, ուրեմն թող դիմի միջազգային հանրությանը, իսկ եթե ունի, բայց չի զսպում, ուրեմն խաղաղապահ չէ։ Կոչ ենք անում ՌԴ-ին՝ կատարել իր պարտականությունները, եթե չի կարողանում, թող հրաժարվի»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նա նշեց, որ ի թիվ իրենց այլ պահանջների՝ ՌԴ դեսպանատան դիմաց են՝ պահանջնելու, որ Ռուսաստանը կատարի իր հիմնական խաղաղապահ առաքելությունը։
«Թուրքը չի կանգնելու, քանի դեռ դիմադրություն չկա, ինչու պետք է կանգնի, Ղարաբաղը ուտելուց հետո ուտելու է Զանգեզուրը, Երևանը, Գեղարքունիքը և այդպես շարունակ։ Երբ հայի կողմից իր երկիրը պահելու ցանկություն չկա, թուրքը երբեք հետ չի կանգնելու իր քայլերից։ Երևանցիները մտածում են, թե թուրքը Երևան չի հասնելու, հասնելու են ու շատ վատ են հասնելու։ Միշտ ասել են, թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այդ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, եթե այսօր Արցախը չկա, վաղը Հայաստան չի լինելու»,- ասաց Լևոն Հայրյանը։