Բրազիլիայում դուստրը վարձել է պայծառատեսի, որը նրա մորը հայտնել է, որ դուստրը շուտով մահանալու է և այդ կերպ մորից 143 միլիոն դոլար է հափշտակել
Բրազիլացի կինը հանցակիցների հետ մորից 143 միլիոն դոլար է հափշտակել՝ տարեց կնոջը ստիպելով հավատալ, որ ինքը շուտով մահանալու է։
Հետաքննության տվյալներով՝ դուստրը խարդախության ծրագիր է մշակել 2020 թվականի սկզբին։ Նա վարձել է մի կնոջ, որը փողոցում մոտեցել է նրա մորը, ներկայացել որպես պայծառատես և ասել, որ շուտով դուստրը կմահանա։
«Պայծառատեսը» տարեց կնոջը տարել է իր երկու հանցակիցների մոտ, որոնք, ներկայանալով որպես պայծառատես ու սուրբ, հաստատել են խարդախի խոսքերն ու խոստացել վճարի դիմաց փրկել դստերը։
Վախեցած կինն ամեն ինչ պատմել է դստերը։ Նա խնդրել է մորը, որ օգնի իրեն և վճարի պայծառատեսներին։ Կինը 15 օրվա ընթացքում 5 միլիոն ռեալ՝ գրեթե 1 միլիոն դոլար է փոխանցել խաբեբաներին։
«Հոգևոր բուժման» մեկնարկից հետո դուստրը սկսել է մորը մեկուսացնել իր ծանոթներից և տան աշխատողներից։ Նա նաև վաճառել է մորը պատկանող նկարների մի մասը, մյուսները գողացել են նրա հանցակիցները։ Տարեց կինը սկսել է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն նրան ահաբեկել են դստեր հանցակիցները, որոնք սպառնալիքներով նրանից խլել են ևս 4 միլիոն ռեալ՝ գրեթե 800 հազար դոլար։
Ընդհանուր առմամբ, կնոջից գողացել են 725 մլն ռեալ՝ 143 մլն դոլար, ներառյալ զարդերը, նկարները և գումարը։