Ուրիշ հրատապ հարց չկա՞. Միքայել Մելքումյանն ու մյուս ԲՀԿ֊ականները` նոյեմբերի 5-ի ընդդիմության հանրահավաքի մասին
Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ապագայի. ընդդիմությունը նոյեմբերի 5-ին միասնության հանրահավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:
Արտախորհրդարանական ուժերը տարբեր կարծիքներ ունեն այս հանրահավաքի վերաբերյալ: Tert.am-ը ամենամեծ արտախորհրդարական ուժից`Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից փորձեց մեկնաբանություն ստանալ`մասնակցելո՞ւ է կուսակցությունը համազգային հանրահավաքին, թե՞ ոչ, ինչո՞ւ առհասարակ չեն մասնակցում և ի՞նչ մեկնաբանություն ունեն շրջանառվող լուրերի մասին, որ չնայած Ծառուկյանի հայտարարություններին, միևնույն է՝ նա համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, կառուցապատումների թույլտվություն է ստանում և այլն։
ԲՀԿ֊ական, նախկին պատգամավոր Արման Աբովյանը Tert.am-ի զանգին պատասխանելուց հետո խնդրել էր ավելի ուշ զանգահարել ու էլ այլևս չէր պատասխանել զանգերին։
Շաքե Իսայանը հայտնել էր, որ վատառողջ է և հորդորել էր հարցերի պատասխանը ստանալ իր գործընկերներից։
Միքայել Մելքումյանը մի քանի զանգից հետո պատասխանել էր և հարցրել, թե ի՞նչ հրատապ հարց կա և լսելով հանրահավաքին մասնակցել֊չմասնակցելու մասին հարցը, նշել. «Ուրիշ հրատապ հարց չկա՞, զբաղված եմ», և անջատել:
Մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն անպատասխան է թողել Tert.am-ի զանգերը և հաղորդագրությունները։