Արցախը ինքը պետք է գեներացնի գումար և հրաժարվի Հայաստանի ֆինանսական օգնությունից․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Արցախը ինքը պետք է գեներացնի գումար և հրաժարվի Հայաստանի ֆինանսական օգնությունից:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը․
«Արցախում պետնախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը։ Նրան գրագետ տնտեսական գործիչ են համարում։ Կարճ ժամանակում Վարդանյանը պետք է ասի, որ Արցախն ինքը կարող է գեներացնել գումար և հրաժարվել Հայաստանի ֆինանսական օգնությունից։ Արցախցին անկախություն է ցանկանում և ուզում է իր որոշումներում ինքնուրույն լինել, բայց ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Արցախը կարող է եկամուտ գեներացնել գյուղատնտեսության, արդյունաբերության հաշվին։ Մոտ 50 հազար աշխատուժ կա, ո՞վ է խանգարելու Ռուբեն Վարդանյանին, որ տնտեսական ծրագրեր իրականացնի։
Ինչ վերաբերում է իշխանության հնարավոր տրանզիտին Ստեփանակերտից Երևան, ապա Վարդանյանը Հայաստանում բարձր պետական պաշտոն կարող է ստանձնել միայն 4 տարի հետո։ ՀՀ Սահմանադրությամբ նման ցանկություն ունեցող անձն առնվազն 4 տարի ՀՀ քաղաքացի պետք է լինի, իսկ Վարդանյանն անցյալ տարի է քաղաքացիություն ստացել»,- նշել է Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին, գալիք տարվա բյուջեի նախագծին, խոսել ՀՆԱ ձևավորման իրական մեխանիզմների, արտահանողների լրջագույն խնդիրների մասին՝ դրամի արժևորումից մինչև Լարս ու լոգիստիկ այլ հարցեր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․