Հս. Կորեան ԱՄՆ-ի զորավարժությունների ֆոնին հերթական բալիստիկ հրթիռն է արձակել
Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում՝ ծովում՝ Հոկայդո կղզուց արևմուտք։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Նրա խոսքով՝ թռիչքի նորմալ հետագծի դեպքում հրթիռը կարող էր անցնել մոտ 15 000 կմ և հասնել մայրցամաքային Միացյալ Նահանգներ։
«Ես ևս մեկ անգամ վճռականորեն հայտարարում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է»,- միջադեպը մեկնաբանել է Կիսիդան։
Նոյեմբերի 18-ին լրատվամիջոցները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել արևելյան ուղղությամբ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռ է արձակել իր հարևանների ուղղությամբ։ Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբն իրենց գործողությունները բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները հրահրում են «անկայուն առճակատում»։