Ֆուտբոլի ԱԱ պաշտոնական օրհներգի կատարող Մալուման հեռացել է հեռուստատեսային տաղավարից՝ Կատարում մարդու իրավունքների մասին հարցից հետո (տեսանյութ)
Կոլումբիացի երգիչ Մալուման, որը կատարում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը, հեռացել է իսրայելական հեռուստատեսային հարցազրույցի տաղավարից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են Կատարում մարդու իրավունքների խախտումները «արդարացնելու» համար, գրում է Daily Mail-ը:
Իսրայելի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակման ժամանակ 28-ամյա երգչին հարցրել են. «Դուք խնդիր չունե՞ք այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ»:
Լրագրող Մոավ Վարդին Մալումային ասել է.«Շակիրան և Դուա Լիպան հրաժարվել են մասնակցել Աշխարհի գավաթին՝ մարդու իրավունքների հետ կապված Կատարում վատ իրավիճակի պատճառով։ Ակնհայտ է՝ մարդիկ ինչ են մտածում: Մալումա, Դուք խնդիր չունե՞ք այս երկրում մարդու իրավունքների ոտնահարման հետ»։
Աստղը պատասխանել է. «Այո, բայց դա մի բան է, որը ես չեմ կարող լուծել: Ես պարզապես եկել եմ՝ վայելելու կյանքը, վայելելու ֆուտբոլը, ֆուտբոլային տոնը: Դա իրականում այն բանը չէ, որով ես պետք է զբաղվեմ»:
Դրանից հետո զրույց մի քիչ էլ է շարունակվում, ապա երգիչը վեր է կենում և, լրագրողին կոպիտ որակելվ, հեռանում տաղավարից՝ կիսատ թողնելով հարցազրույցը:
Ի պատասխան Վարդին ասել է. «Ես կոպի՞տ եմ, ինչո՞ւ եմ ես կոպիտ, Մալո՛ւմա: Սա այն է, ինչ մարդիկ ասում են, դա այն է, ինչ մարդիկ մտածում են»: