Ռուսաստանում հոգնածություն է Ուկրաինայի հետ պատերազմից
«Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Մեդուզա» կայքի վերլուծությունը, հաղորդում է, որ Ռուսաստանում նկատվում է «հոգնածություն Ուկրաինայի դեմ պատերազմից»:
Ըստ «Մեդուզայի», այդ մասին են վկայում իշխանության պատվերով անցկացված սոցիոլոգիական փակ հարցումների արդյունքները:
«Մեդուզային» այդ տեղեկությունները փոխանցել են Կրեմլին մոտ կանգնած անանուն աղբյուրները, որոնց փոխանցմամբ «պատասխանները վկայում են, որ ռուսաստանցիները լավատեսորեն չեն տրամադրված թե՛ իրենց, և թե՛ երկրի ապագայի հանդեպ»:
Կրեմլի պատվերրով անցկացված փակ հարցումների արդյունքները հիմնականում համընկնում են բաց հարցումների արրդյունքների հերտ:
Russian Field անկախ սոցիոլոգիական ընկերությունը հոկտեմբերին անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն, հարցվածների միայն 19 տոկոսն է ակնկալում, որ կյանքը կբարելավվի, իսկ 57 տոկոսը խոստովանել է, որ «պատերազմի մասին նորությունները հոգնեցնում են»:
Հուլիսի վերջին այդպիսի պատասխան է տվել հարցվածների մոտ 40 տոկոսը:
Ուկրաինացիների հաջող հակագրոհներից հետո Ռուսաստանում որոշ չափով նվազել է պատերազմը շարունակելու կողմնակիցների թիվ:
Այնուամենայնիվ հոկտեմբերին այն բարձր էր՝ 68 տոկոսը պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է շարունակել և հասցնել մինչև հաղթական ավարտ, իսկ 22 տոկոսը կարծիք է հայտնել, որ պատերազմը պետք է ավարտել:
Անկախ փորձագետները նշում են նաև, որ պատերազմին ընդդիմացողների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ այսօր Ռուսաստանում առկա լարված մթնոլորտում և վախի պայմաններում մեծ թվով հարցվածներ կարող են անկեղծ չպատասխանել հարցեին: