Նոր սենսացիա Քաթարում. Մարոկկոն հաղթեց Բելգիային
Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության ութերորդ օրը E խմբում Ճապոնիայի ընտրանին, որն առաջին խաղում հաղթել է Գերմանիայի հզոր թիմին, նոյեմբերի 27-ին 0-1 հաշվով ոշոր չափով անսպասելի պարտություն կրեց Կոստա Ռիկայի թիմից: Հաղթական միակ գոլը գեղեցիկ հարվածով 81-րդ րոպեին խփեց Կեյշեր Ֆուլերը:
Ապա F խմբում տեղի ունեցավ Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ վաստակած Բելգիայի հավաքականի հանդիպումը Մարոկկոյի թիմի հետ:
Դարպասապահ Տիբո Կուրտուան, հարձակվողներ Էդեն Ազարը, նրա եղբայր Տորգանը, Քևին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն անզոր գտնվեցին:
73-րդ րոպեին Աբդելհամիդ Սաբիրին բացեց հաշիվն, ապա 90+2 րոպեին «վերահսկողական կրակոցով» խաղի վերջնական արդյունքը վավերացրեց Զաքարիա Աբուխլակը՝ 2-0:
Երևանի ժամանակով երեկոյան 8-ին F խմբում կհանդիպեն Խորվաթիայի և Կանադայի թիմերն, ապա երեկոյան 11-ին E խմբում տեղի կունենա «ծանրքաշայիններ» Իսպանիայի և Գերմանիայի ընտրանիների խաղը:
Առաջին տուրում Իսպանիան 7-0 հաշվով ջախջախել է Կոստա Ռիկային, իսկ գերմանացիները 1-2 հաշվով սենսացիոն պարտություն են կրել ճապոնացիներից:
Վաղը նոյեմբերի 28-ին, G խմբում տեղի կունենան Կամերուն-Սերբիան և Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումներն, իսկ H խմբում Հարավային Կորեան կխաղա Գանայի և Պորտուգալիան Ուրուգվայի հետ: