Լաչինի միջանցքի փակումը թուրքական մտահղացում է, ոճը տեսել ենք Սիրիայում, Իրաքում, Լիբիայում․Վարուժան Գեղամյան (տեսանյութ)
Լաչինի միջանցքի փակումը թուրքական մտահղացում է, ոճը տեսել ենք Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը․
«Լաչինի ճանապարհի փակման իրականացնողը Ադրբեջանն է, Թուրքիան համահեղինակն է։ 2020 թվականից հետո գործ ունենք ոչ թե քիչ թե շատ անկախ, այլ Թուրքիայի արևելյան հատված Ադրբեջանի հետ։ Միայն Ադրբեջանի այսօրվա ռեսուրսներով հնարավոր չէ նման գործողություն իրականացնել։ Ակնհայտ է թուրքական ձեռագիրը։ Ադրբեջանի ԶՈւ-ն վերածվելու է Թուրքիայի դաշտային բանակներից մեկին, Թուրքիա-Ադրբեջան ինտեգրացիան ավելի խորն է, քան օրինակ ՌԴ-Բելառուս միութենական պետությունը։
Եթե Ալիևի համար Լաչինի միջանցքի փակման հիմնական նպատակը Արցախի հարցի փակումն է, ապա Թուրքիայի ծրագիրն ավելի մեծ է։ Սյունիքը Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան Արցախը։ Միջանցք ու Ադրբեջանի հետ լիարժեք և իրենց կողմից վերահսկվող սահման ունենալու դեպքում, Թուրքիան Ադրբեջանը որպես պլացդարմ կօգտագործի դեպի Հյուսիսային Կովկաս, Միջին Ասիա, ՌԴ-ի թյուրքախոս տարածքներ, Հյուսիսային Իրան գործողություններ իրականացնելու համար։ Վերադարձել ենք 1918-20 թթ․, երբ թյուրքական ընդհանուր սահմանի միակ խոչընդոտը Սյունիքն էր»,- ասել է Գեղամյանը։
Թուրքագետի կարծիքով, ովքեր ՌԴ-ն հավասարեցնում են Թուրքիային, պրոթուրքական քարոզչություն են անում։ Նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է, իսկ այդ պարագայում տեր ու տիրականը դառնալու է Արևմուտքի դաշնակից Թուրքիան, որի նպատակը ՀՀ-ն որպես քաղաքական միավոր չեզոքացնելն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․