Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից. Արտյոմ Տոնոյան (տեսանյութ)
Իրանին հարվածած անօդաչուները մեծ հավանականությամբ օդ են բարձրացել Ադրբեջանից։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը․
«Կա տեսակետ, որ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու դեպքում, Ադրբեջանը կարող է տեղական Ուկրաինայի դերը խաղալ։ Թավրիզին աշխարհագրորեն ավելի մոտ է Նախիջևանը և Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ Ամենայն հավանականությամբ հենց այդ հատվածից են օդ բարձրացել Իրանի տարածք մտած ԱԹՍ-ները։ Քիչ է հավանական, որ անօդաչուները թռնեին Պարսից ծոցի արաբական երկրներից կամ Իրաքից։
Մոտ ապագայում Իրանի դեմ լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում։ ԱՄՆ-ը դրանում շահագրգիռ չէ։ Իսկ ռազմական օբյեկտներին հարվածելւ երկու նպատակ ուներ, նախ իրանցիներին ցույց տալ, որ պետությունը չի կարողանում անվտանգություն ապահովել և երկրորդ՝ ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից»,- ասել է իրանագետը։
Տոնոյանի կարծիքով, Իրանի դեմ լայնածավալ պատերազմ սկսվելու դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանը կօգտվեն առիթից ու կվերցնեն Սյունիքն ու «միջանցքը», քանի որ Իրանը զբաղված կլինի այլ հատվածները պաշտպանելով։
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների և Հայաստանի քայլերի մասին, Տոնոյանն ասել է, որ համագործակցության առումով այն պատկերացումները, որ կան Իրանում, համարժեք արձագանք չեն ստանում Երևանում։ Իրանում խոսում են ռազմական դաշինքի, համատեղ զորավարժությունների, Սյունիքում ներկայության մասին,մինչդեռ Հայաստանի կողմից գործակցության ծավալները անհամեմատ փոքր են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․