«Վագներ»-ը դադարեցրել է կալանավորների հավաքագրումը
Եվգենի Պրիգոժինը հայտարարել է բանտարկյալների շրջանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հավաքագրումը դադարեցնելու մասին, հայտնում է «Կոնկորդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է լրատվամիջոցի դիմումը, ըստ որի՝ բանտարկյալները, դիմելով խմբագրությանը, հարցնում են՝ ճի՞շտ է արդյոք, որ մեկ ամսից ավելի է, ինչ ուղղիչ հիմնարկներից «Վագներ» ՄՌԿ-ում հավաքագրում չի եղել, և որ ինքը՝ Պրիգոժինը, դադարեցրել է գաղութներ այցելելը։
«Այո, իսկապես այդպես է։ «Վագներ» ՄՌԿ-ում բանտարկյալների հավաքագրումն ամբողջությամբ դադարեցվել է»,- մեջբերում է ընկերությունը իր ղեկավարի խոսքը։
«Վագներ» ՄՌԿ-ի, ինչպես նաև «Կոնկորդ» ընկերության ղեկավարը Եվգենի Պրիգոժինն է։ Նշենք, որ «Վագներ»-ի մարտիկներն ակտիվ ներգրավված են Ուկրաինայում Ռւոսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությանը: Նրանց մեկը՝ հայազգի Հայկ Գասպարյանը, որ նախկին կալանավոր է եղել, սակայն հավաքագրվել է կազմակերպության կողմից ու մեկնել ռազմական գործողությունների գոտի, պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: