Չարլզ III-ի պատռված գուլպան համացանցում կատակների առիթ է դարձել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն անհարմար դրության մեջ է հայտնվել մզկիթ կատարած այցի ժամանակ։ Համացանցում հայտնված կադրում օգտատերերը նկատել են միապետի պատռված գուլպան, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Նրա աջ ոտքի սև գուլպայի անցքը նկատվել է, երբ միապետը, մզկիթ այցելելու կանոնների համաձայն, հանել է կոշիկները։
Ինչպես գրում է The Telegraph-ը, խնայող Չարլզ III-ը երբեք չի հետևել նորաձևության միտումներին՝ նախապատվությունը տալով ժամանակի փորձությունն անցած, արդեն մաշված, բայց սիրելի հագուստին, սակայն այս անգամ նրա ընտրությունը համացանցում զվարճալի մեկնաբանություններ է հրահրել։
«Անգամ Միացյալ Թագավորության թագավորի գուլպայի վրա անցք կա»,- գրել է օգտատերերից մեկը։
«Սա առնվազն ապացուցում է, որ նա մեզ նման մեկն է», - մեկնաբանել է երկրորդը:
«Նա ժողովրդից մեկն է»,- կատակել է երրորդը:
Այնուամենայնիվ որոշ օգտատերեր թերահավատորեն են մոտեցել թագավորի՝ պատռված գուլպայի մասին անտեղյակ լինելու մտքին՝ ենթադրելով, որ նման քայլը կարող էր նախապես մտածված լինել։
«Չի կարող պատահել, որ նա չի իմացել անցքի մասին։ Իսկական թատրոն է», - գրել է նրանցից մեկը:
«Տարօրինակ վայր է պատռված գուլպա հագնելու համար։ Գովազդային հնարքի «հոտ է գալիս»», - հավելել է մյուսը։