Մակրոնը ժամանակ է կորցնում՝ փորձելով երկխոսել Պուտինի հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վատնում է իր ժամանակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն կառուցելու համար։
Իտալական Corriere della Sera թերթի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե համաձա՞յն է Մակրոնի դիրքորոշմանն առ այն, որ «Ռուսաստանին պետք է հաղթել, բայց ոչ ջախջախել» և որ պետք է բաց պահել երկխոսությունը Պուտինի հետ։
«Դա անիմաստ երկխոսություն կլինի, իրականում Մակրոնը ժամանակ է կորցնում: Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք իզորու չենք փոխելու Ռուսաստանի դիրքորոշումը: Եթե նրանք որոշել են մեկուսանալ հին խորհրդային կայսրությունը վերականգնելու երազանքի մեջ, մենք ոչինչ անել չենք կարող, նրանց խնդիրն է՝ համագործակցե՞լ ազգերի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա, թե՞ ոչ»,- ասել է Զելենսկին։