Բոլորին խորհուրդ կտամ նեղացածի դիրքավորում չբռնել․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
Ես կարծում եմ, որ պետք է հանրային բաց խոսակցություն լինի՝ Հիմնադրամի և ներդրում անողների միջև, պետք է հանդիպել իրար, խոսել, հանրային քննարկում լինի և մարդիկ անեն իրենց առաջարկները, քննադատությունները, բայց ուղղակի բոլորին խորհուրդ կտամ նեղացածի դիրքավորում չբռնել։ Այսօր, ցավոք, ես տեսել եմ, որ նաև Սփյուռքում է նեղացվածություն։ Եվ ցավոք, այդ նեղացվածությունը ոչ ինձնից է, ոչ ձեզնից, այլ Հայաստան պետությունից։
Այս մասին այսօր «Առաջին ալիք»–ի եթերում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Մարդիկ տարբեր մեդիամանիպուլյացիաների զոհ են, տարբեր անհատներ, բլոգերներ իրենց քայքայիչ գործն անում են այդ ուղղությամբ, բայց կա նեղվածություն նաև պատերազմից, որովհետև մարդկանց պատկերացումների ու իրականության մեջ մեծ ճեղք առաջացավ։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ–ն ուրիշ փուլ է թևակոխել, չենք կարող անընդհատ, չեմ ուզում այս տերմինն օգտագործել, մարդիկ ազգայնականությանն ու ազգային գաղափարախոսությանը մի քիչ ուրիշ տեսակետից են նայում, քան, կարծում եմ, պետք է նայեն»։
Հարցին, թե չի՞ կարծում, որ դա ոչ թե նեղացվածություն է, այլ Սփյուռքում չեն հասկանում, թե Հայաստանում ինչ ենք ուզում․ եթե նայեք մեր երկրի քաղաքական ներկապնակը՝ մի մասը մի մասին մեղադրում է Արցախը հանձնելու մեջ, մեկը պատերազմ հրահրելու մեջ, մեկն ուզում է Ռուսաստանի հետ Միութենական պետություն, այն մեկն ասում է՝ Արևմուտքը պետք է բերենք, և սփյուռքահայը նայում է ու ասում ՝ ո՞ր կազմի մեջ եմ հիմա ես ներդրում անում, սփյուռքահայն առաջ գիտեր՝ Արցախը մերն էր, ռուսները մեր տանիքն էին, ուտում էինք, և գոհ ապրում էինք։
Ի պատասխան Հայկակ Արշամյանն ասաց․ «Անընդհատ ամեն ինչից դժգոհություն կա, որը չես հասկանում, թե ինչու է այդպես։ Ինձ թվում է, այդ դժգոհությունը համատարած չէ, ուղղակի սոցիալական ցանցերում հնարավոր է լինում քաոտիկ աղմուկ սկսել դրա շուրջ, իսկ խորքային խնդիրներին ուշադրություն չեն դարձվում»։