«Ես եկել, նստել եմ մեքենայի ղեկին և քշում եմ այդ մեքենան, մեկ էլ պակրիշկեն վրայից թռնում է». Փաշինյանը՝ պետության ղեկավարումը ստանձնելու մասին
Հայաստանում ապրելը, աշխատելն ու ստեղծագործելն ավելացված արժեք ստեղծելն է, որի արդյունքում Հայաստանի պետական բյուջեն ավելի մեծ կլինի, ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ կլինեն, և այլն։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են գործածում, որ Հայաստանից կադրերի արտահոսք չլինի:
«Կադրային հարցն ինչո՞ւ է այդպես, որովհետև երբ աշխատավարձը ցածր է, մարդը գիտի, որ ինքն իր մասնագիտությամբ ու կարողությամբ շատ ավելին կարող է վաստակել, եռակին կարող է վաստակել։ Երբ նա չի կարողանում դա անել Հայաստանում, պարզ է, որ որոշում է անել ուրիշ տեղում։ Սա է պատճառը, որ մենք դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձն ենք բարձրացնում։ Մենք ուզում ենք, որ պետական աշխատանքը հնարավորինս գրավիչ լինի լավ մասնագետի համար։
Հարգելի ժողովուրդ՝ կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի զինվորը 120 հազար դրամ աշխատավարձ կստանա՞, լո՞ւրջ, մենք մտածում էինք՝ զինվորն այդքան աշխատավարձ է ստանալու, ու մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելո՞ւ ենք։
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բայց կարևոր է, թե ես ի՞նչ երկրի, ո՞ր երկրի վարչապետն եմ, և այդ երկիրն իր գոյության ընթացքում տնտեսական, քաղաքական ինչ միջոցներ է գեներացրել։ Ես եկել, նստել եմ մեքենայի ղեկին և քշում եմ այդ մեքենան, մեկ էլ պակրիշկեն վրայից թռնում է, և այլն»,- նշեց Փաշինյանը։