Քվենտին Տարանտինոն ավարտել է իր «վերջին» ֆիլմի սցենարը
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը, հայտնում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Կինոքննադատը» (The Movie Critic):
Ֆիլմն անդրադառնում է 1970-ականների վերջին Լոս Անջելեսում տեղի ունեցած իրադարձություններին։ Ենթադրվում է, որ ֆիլմը կարող է նվիրված լինել ամերիկացի լրագրող և ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկին՝ Փոլին Քեյլին։
Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նկարահանումները նախատեսված են այս տարվա աշնանը, սակայն Տարանտինոն դեռ պայմանագիր չի կնքել կինոստուդիայի հետ։
Նախկինում Տարանտինոն բազմիցս նշել է ընդամենը տասը ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին։ Հաշվի առնելով, որ «Սպանել Բիլլին» մարտաֆիլմի երկու մասերը համարվում են մեկ ստեղծագործություն, ռեժիսորը մինչ օրս թողարկել է ինը ֆիլմ։ Այսպիսով, նոր ֆիլմը կարող է վերջինը լինել նրա կարիերայում։