Նախկիններին խնդրում եմ չմասնակցել քաղաքապետի ընտրություններին, թողեք՝ ՔՊ-ն պարտվի, հեռանա. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
ՀՀ-ում կառավարումը կատարվում է անձնավորված, ոչինչ համակարգային չէ, կան օրենքներ, սակայն աշխատանքները շատ վատ են իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Խոսելով առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններրի մասին՝ Թարվերդյանն ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը ներկայացնում է բարեփոխումների ամբողջական ծրագիր և նկատեց, որ քաղաքական այլ ուժերը ներկայացնում են այն, ինչը՝ իրենք:
«Այսինքն՝ մեր ծրագրերի հիմքը ճիշտ է դրված: Իսկ այժմ Երևանի կառավարումը իրականացվում է ոչ արդյունավետ, պետք է բարձրացվի կառավարման էֆեկտիվությունը և վերացվի անպատժելիությունը: Աշխատանքի մեջ ամենամեծ խնդիրն անգործությունն է: Այդ սուրճ խմողների ինստիտուտը, որն աշխատում է պետական ապարատում, խոսքս միայն քաղաքապետարանի մասին չէ, պետք է վերացվի: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է, որ պետական աշխատողներն աշխատավայրից հնարավորություն չունենան մուտք գործել սոցիալական ցանցեր»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Անդրադառնալով Երևանի խնդիրներին՝ մասնավորապես կառուցապատմանը և կայանատեղիների խնդիրներին, Թարվերդյանն ընդգծեց, որ քաղաքը պետք է ունենա իր հայեցակարգը և տեսքը:
«Շինթույլտվություն տալու համար պետք է հաշվարկել՝ արդյոք քաղաքի տվյալ հատվածը, օրինակ, կենտրոնը, կարող է սպասարկել այդքան շենք: Ես հանրությանը հայտնում եմ, որ ո՛չ էլեկտրահամակարգը, ո՛չ ջրային համակարգը, ո՛չ կոյուղին ի վիճակի չեն սպասարկել այս քանակի շենքեր»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Խոսելով չավարտվող խցանումների խնդրի մասին՝ Թարվերդյանը նկատեց, որ տրանսպորտի որակի փոփոխությունը կբերի նրան, որ քաղաքացիներն օգտվեն տրանսպորտից, ու սեփական մեքենաների թիվն օրեցօր չի աճի:
Թարվերդյանն իր խոսքում նախկիններին հորդորեց չմասնակցել քաղաքապետի առաջիկա ընտրություններին, որպեսզի ՔՊ-ն պարտվի, հեռանա:
Մանրամասները՝ տեսանյութում: