Սահելի երկրներում մոտ 1 միլիոն երեխա ունի սուր թերսնման խնդիր
Աֆրիկայի Արևմտյան Սահելի տարածաշրջանի երկրներում (ներառյալ Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը) շուրջ 1 մլն երեխա ունի սուր թերսնման խնդիր: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:
«Այս տարի մինչև 5 տարեկան մոտ 970 հազար երեխա տառապում է սուր թերսնումից այս 3 աղքատ երկրներում (Բուրկինա Ֆասո, Մալի և Նիգեր – խմբ.), որոնք ունեն նաև անվտանգության հետ կապված խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խնդիրն առավել ծանր է Նիգերում, որտեղ մոտ 430,000 երեխա ունի սուր թերսնում:
«Սակայն այս ցուցանիշը 60 հազարով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ինչը Նիգերի կառավարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և նրա գործընկերների ջանքերի արդյունքն է»,- ասված է կոմյունիկեում։
Մալիում, ընդհակառակը, թերսնված երեխաների թիվն աճել է ավելի քան 18%-ով: