Իրանն Օմարի ծոցի ջրերում «փախչել փորձող» նավթատար լցանավ է կալանել
Իրանն Օմարի ծոցի ջրերում «փախչել փորձող» նավթատար լցանավ է կալանել, որը նավարկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Այս մասին գրել է Al Jazeera-ն` հղում անելով Իրանի բանակի տարածած հայտարարությանը։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել էին, որ իրանական ուժերն Օմանի ծոցի միջազգային ջրերում տանկեր են գրավել:
Իրանի բանակը հայտարարել է, որ Օմանի ծոցում գրավել է Մարշալյան կղզիների դրոշով նավթատարը, որը բախվել է իրանական նավին, ինչի հետևանքով անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են, հաղորդել է IRNA-ն:
«Մարշալյան կղզիների դրոշով նավթատար լցանավը Պարսից ծոցում կալանվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի կողմից այն բանից հետո, երբ այն բախվել է իրանական նավին Օմանի ծոցում ու փորձել է փախչել», - ասվում է հինգշաբթի օրը բանակի հայտարարության մեջ:
«Նավի անձնակազմի երկու անդամներ անհայտ կորել են, մի քանիսը վիրավորվել են բախման պատճառով»,- նշվել է իրանական բանակի հայտարարության մեջ։
Al Jazeera-ն նաև գրել է, որ MarineTraffic.com-ից լցանավի արբանյակային հետագծման տվյալները ցույց են տվել, որ այն Օմանի ծոցում տեղակայված է Օմանի մայրաքաղաք Մուսկատից հյուսիս, հինգշաբթի կեսօրին: Այն հենց նոր էր եկել Քուվեյթից և իր նպատակակետը նշել էր ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքը:
«Իրանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նավթատարը»,- հայտարարել էր Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմը՝ դատապարտելով Իրանի կողմից «նավերի նկատմամբ շարունակական ոտնձգություններն ու տարածաշրջանային ջրերում նավագնացության իրավունքներին միջամտելը»: