Իրանը մտադիր է 2 տարուց պակաս ժամկետում ԵԱՏՄ-ի հետ տարեկան առևտուրն ավելացնել մինչև 10 միլիարդ դոլար
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչությունը հայտարարել է, որ Իրանը մտադիր է երկու տարուց պակաս ժամկետում Եվրասիական տնտեսական միության հետ տարեկան առևտուրն ավելացնել մինչև 10 միլիարդ դոլար:
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Էլդար Ալիշերովի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Financial Tribune-ը:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը վճռական է ռազմավարական կապեր զարգացնելու ԵԱՏՄ անդամ երկրների հետ։
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրային փոխանակումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 3,3 միլիարդ դոլար, ասել է նա՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը նախորդ տարի արտահանել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք և ներմուծել 1,7 միլիարդ դոլարի ապրանք։
Նույն տարում Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև տարանցիկ փոխանակումը կազմել է 1,8 միլիոն տոննա, որից մեկ միլիոն տոննան Իրանից և 700 000 տոննան՝ ԵԱՏՄ անդամ երկրներից։