Այսուհետ քանդման և փոսալցման աշխատանքները տեղի են ունենալու նույն օրը․ Տիգրան Ավինյան
Այսուհետ մեզ մոտ քանդման և փոսալցման աշխատանքները տեղի են ունենալու նույն օրը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ շատ հաճախ փոսը փորվելուց հետո փոսալցման աշխատանքներն իրականացնում են օրեր անց։
«Մենք 10 օր, 15 օր կամ 20 օր այդ փոսերով կգնանք, մինչ կապալառուն իր հարցերը կլուծի։ Շատ պարզ է, որ գործարան ունեցող ընկերութունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքներով։ Ինչո՞ւ սա չկար տեխնիկական առաջադրանքներում», - հարց ուղղեց Ավինյանը, ինչին արձագանքեցին, որ խնդիրը «Գնումների մասին» օրենքն է։
«Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշե՞լ։ Որովհետև մենք ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն ու փոսալցվեն միանգամից նույն օրը։ Միգուցե պետք էլ չի՞ գրել, որ գործարան է պետք։ Պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա։ Հետևապես կմասնակցեն այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունն ունեն, որովհետև այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունը, կիմանան, որ չեն կարող, տուգանքների ու տուժանքների կենթարկվեն։ Սա պետք է լինի մեր պահանջը», - նշեց Ավինյանը՝ ճշտելով հնարավոր է արդյոք այդպիսի պահանջ դնել։
Այս դիտարկմանն արձագանքեց գնումների վարչության պետը՝ շեշտելով, որ նման պահանջ կարող է սահմանվել, ինչպես նաև կարող են աշխատանքները բաժանվել ըստ փուլերի, ինչին ի պատասխան Ավինյանը եզրափակեց․
«Այսուհետ մեզ մոտ փոսալցման աշխատանքները տեղի են ունենում քանդում և փոսալցում նույն օրը: Սա է մեր նոր պահանջը բոլոր կապալառուների նկատմամբ։ Ովքեր կկարողանան այս պահանջին բավարարել, թող գան մասնակցեն»։