«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ բախվել են Mercedes Տ 500-ը, Kia-ն, Nissan Sentra-ն, վիրավորներից մեկը հղի կին է․ Shamshyan.com (տեսանյութ, լուսանկարներ)
«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ բախվել են Mercedes Տ 500-ը, Kia-ն, Nissan Sentra-ն, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին. վիրավորներից մեկը հղի կին է: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Nissan Sentra-ն բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին: