Փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են տղամարդու դի
Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Shamshyan.com-ը գրել է, որ հայտնաբերվել է Արմավիրի բանտում հաշվառված 30-ամյա տղամարդու դի։
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում դի կա:
Ոստիկաններն ու պարեկները գետում հայտնաբերել են տղամարդու դի և այն դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիններս ճոպանի միջոցով դին դուրս են բերել գետից:
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Արտաշես Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, որը 30-ամյա Սենիկ Հ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրում հայտնաբերվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված և հաշվառված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում: