Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք
Նոր Կալեդոնիայի ափերի մոտ այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, առկա է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությումը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:
Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնում կարծում են, որ Վանուատուում հնարավոր են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, մակընթացության մակարդակից մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ հնարավոր են նաև Ֆիջիում, Նոր Կալեդոնիայում, Կիրիբատիում և Նոր Զելանդիայում:
Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը դեռևս գնահատում է ցունամիի առաջացման հավանականությունը։