Իսպանիայում ձերբակալվել են «Ռեալի» սևամորթ բրազիլացի հարձակվողի հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցրած մարդիկ
![Իսպանիայում ձերբակալվել են «Ռեալի» սևամորթ բրազիլացի հարձակվողի հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցրած մարդիկ](https://gdb.rferl.org/af390794-b345-4751-ad14-f2f7c13d65da_w800_h450.jpg)
Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է 7 տղամարդկանց, ովքեր մեղադրվում են Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիշիուս կրտսերի հացեին ռասիստական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու և գործողություն իրականացնելու համար:
Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լա Լիգայի ղեկավարությունը երկրի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել որոշ թիմերի երկրպագուների շրջանում մարզիկների հանդեպ նմանօրինակ անթույլատրելի վիրավորական պահվածքն արմատախիլ անելու համար:
Անցած կիրակի օրը «Ռեալը» Վալենսիայում Մետսալկա մարզադաշտում խաղացել է այդ քաղաքի ակումբի հետ: Խաղի ընթացքում մի խումբ «երկրպագուներ» սևամորթ բրազիլացու հասցեին վանկարկել են «Կապի՛կ»: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արձանագրել է այդ հանգամանքը:
Երեք տղամարդ ձերբակալվել է Վինիշիուս կրտսերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, չորսն էլ ֆուտբոլիստին նմանվող մանեկեն կամրջից կախելու համար: