Բեռլինում Ռոջեր Ուոթերսին մեղադրում են համերգի ընթացքում «նացիստական զգեստ» հիշեցնող հագուստ կրելու համար
Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է բողոքն առ այն, որ Pink Floyd ռոք խմբի նախկին անդամ, մենահամերգներով հանդես եկող բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը համերգի մի հատվածում կրել է «նացիստական համազգեստ հիշեցնող հագուստ»:
Մայիսի 17-ին և 18-ին Բեռլինում Ուոթերսը՝ կատարելով Pink Floyd-ի The Wall ալբոմից In The Flesh երգը, բեմում հայտնվել է սև կաշվե թիկնոցով՝ թևին կարմիր ժապավենով, որին պատկերված են սպիտակ շրջանակում խաչաձևված երկու մուրճեր:
Գերմանացի իրավապահների կարծիքով, Ուոթերսի հագուստը հիշեցնում է նացիստների համազգեստն, իսկ թևի ժապավենն իր խորհրդանիշով հիշեցնում է նացիստական սվաստիկան՝ կեռախաչը:
Գերմանիայում նացիզմին հավանություն տալը և նացիստական խորհրդանիշներ հրապարակավ ցուցադրելը որակվում է իբրև հանցանք, որը ենթադրում է դատական պատասխանատվության:
1979 թվականին թողարկված The Wall-ը (Պատը) համարվում է Pink Floyd խմբի ամենահայտնի ալբոմներից մեկը:
1982 թվականին նկարահանվել է նույնանուն երաժշտական ֆիլմը, որի հերոսներից մեկը կրում է նացիստական համազգեստ հիշեցնող թիկնոցը և նշված ժապավենը: Այդ հերոսը մարմնավորում է ավտորիտար իշխանավորին:
Ալբոմի և ֆիլմի ուղերձը միանշական պացիֆիստական է և հակաֆաշիստական և նպատակ ունի զգուշացնել մտքի և արտահայտության ազատության սահմանափակումից բխող վտանգների մասին: