Սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, արտադատարանական կարգով հարց լուծելը չպետք է խրախուսվի․ Ալեն Սիմոնյան
Ես ինքս սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չասեք, որ այնտեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ ցանկության դեպքում թուրքական կողմը կարող է շատ պատճառներ բերել ու Նեմեսիսի արձանի տեղադրման թեման ընդամենն առիթ էր։
«Ես էլ, ինչպես Թուրքիայում հայտարարեցի, կարող էի Թուրքիա չգնալու համար մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորութուն ունեմ, որ կա, ուրեմն հարաբերությունները կարգավորելու եզակի պատմական հնարվորություն է սա։ Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է անցնել նույնիսկ մեծ քննադատության միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել։
«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում թե՛ թուրք քաղաքական գործիչների , թե՛ միջազգային հանրության կողմից։ Վարչապետի այցն այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև Էրդողանը առաջին շարքին բարևելուց հետո յուրահատուկ կերպով մոտեցել է ու վարչապետին առանձնահատուկ ողջունել է, նրա անունն էլ հնչել է, այցը բավականին դրական եմ գնահատում»,- ասաց ԱԺ նախագահը։