ՀՀ սահմանը հատելուց ցանկացած մեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին. Եղոյանը՝ Մեղրիի ճանապարհի մասին
ՀՀ սահմանը հատելուց ցանկացած օտարերկյա ավտոմեքենա պետք է հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակման դեպքում այդ հատվածներում վերահսկողություն են իրականացնելու ռուս սահմանապահները։
«Ինչպես գիտեք հայ-իրանական սահմանի երկայքնով էլ կան ռուս սահմանապահ ուժերի ուղեկալներ։ Այստեղ մենք պետք է իրարից տարանջատենք երկու հարց․ ՀՀ իրավազորության տակ գործող ճանապարհ և այդ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ։
ՀՀ-ն ասել է, որ իր իրավազորությունից դուրս գործող ճանապարհներ չեն լինելու։ Հսկողություն իրականացնելն այլ հասկացություն է, «Զվարթնոցում» էլ դուք կարող եք տեսնել ռուսական անվտանգության աշխատակիցների, բայց նրանք գործում են ՀՀ իրավազորության ներքո։ ՀՀ սահմանը հատելուց ցանկացած օտարերկյա ավտոմեքենա պետք է հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահի», - շեշտեց պատգամավորը։
Արման Եղոյանը նշեց, որ վերահսոկղությունը կարող է վերաբերել ճանապարհի անվտանգությանը, բեռների հսկողությանը և այլն: Նա ընդգծեց, որ կան մի շարք տեխնիկական հարցեր, որոնք ընթացիկ պետք է քննարկվեն։