Audi-ն բախվել է կայանված Chevrolet-ին, որը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջնակին, ապա Audi-ն բախվել է կայանված Range Rover-ին, վերջինն էլ՝ Toyota-ին. Shamshyan.com (լուսանկարներ)
Ժամը 17։20-ի սահմաններում Audi մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում դեպի սովետական տարիներից հայտնի «Աշտարակ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել է կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Chevrolet-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված վայրով անցնող մոտ 12-ամյա աղջնակին, ապա Audi-ն էլ բախվել է կայանված Range Rover-ին, որն էլ բախվել է կայանված Toyota Alphard-ին։
Վրաերթի ենթարկված երեխային առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը երեխային մինչև «Աշտարակ» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աշտարակ ԲԿ-ից էլ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթար-վրաերթի մասին ՊԾ Արագածոտի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն․ Քասյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։