Հունաստանի ափերի մոտ ներգաթյալների նավի խորտակման հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել․ Պակիստանում համազգային սուգ է հայտարարվել
Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի:
Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են հասնել Եվրոպա:
Հունաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել նավաբեկության հետևանքով զոհված պակիստանցիների հստակ թիվը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի վաղ առավոտյան Հունաստանի ափերի մոտ հարյուրավոր մարդկանց տեղափոխող միգրանտների նավ է խորտակվել: Նավը Լիբիայից դեպի Իտալիա էր ուղևորվոում։ Ավելի վաղ հաղորդվել է 79 զոհի մասին։ Փրկվածների վկայություններով՝ նավի վրա կարող էր 750 ուղևոր լինել, այդ թվում նաև երեխաներ։