Չինաստանը հավաստիացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանին զենքի մատակարարումների բացակայությունը․ Բլինքեն
Չինաստանի իշխանությունները հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ իրենք մահաբեր օգնություն չեն տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Պեկին կատարած այցից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը հակառակի ապացույցներ չի արձանագրում։
«Մենք ու մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ նա մահաբեր օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար։ Մենք գնահատում ենք դա և չենք տեսել ապացույցներ, որոնք հակասում են դրան», - ասել է Բլինքենը:
Ըստ պետքարտուղարի՝ Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ չինական ընկերությունները կարող են Ռուսաստանին տրամադրել տեխնոլոգիա, որն այն կարող է օգտագործել ռազմական հակամարտությունում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն խնդրել է Չինաստանին շատ զգոն լինել այս հարցում։
Ապրիլի 13-ին The Washington Post-ը, վկայակոչելով Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը, հայտնել է, որ Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանին մահաբեր օգնության տրամադրմանը: Պենտագոնի երկու անանուն աղբյուրներ հրապարակմանը հայտնել էին, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի Չինաստանի կողմից զենք ուղարկելու մասին։